«Իրատես de facto»-ի հյուրն է ռեժիսոր ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ:
-Պարոն Բալայան, Դուք ամեն տարի հյուրընկալվում եք «Ոսկե ծիրանին», փառատոնի անդավաճան բարեկամն եք: Ինչպե՞ս կգնահատեք այս մշակութային իրադարձությունը, ինչպիսի՞ ապագա եք կանխորոշում նրա համար:
-Ես միշտ համակրանքով եմ վերաբերվել այս փառատոնին: Եվ երբեք չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր այն չեն սիրում` ինչ-ինչ պատճառներով: Ինչ-որ մեկին մոռացել են հրավիրել ճաշկերույթի, ինչ-որ մեկի տեղը դահլիճում հաջող չէ, ինչ-որ մեկին առհասարակ են մոռացել… Այսպիսի պատճառներով մարդիկ չարանում են ու սկսում. «Էս ի՜նչ փառատոն է: Ի՜նչ է անում Հարութը: Կինո չեն նկարում, կինոփառատոն են անում…»: Նախ` կինո նկարելն ու կինոփառատոն անելը տարբեր բաներ են, տարբեր փողեր են պահանջում: Այս փառատոնի շնորհիվ մեծաթիվ հյուրեր են գալիս Երևան, ավելին` գալիս են մի քանի անգամ: Եվ ինչպիսի մարդիկ են դրանք: Ես անգամ զարմանում եմ, որ այսպիսի շոգին չեն զլանում գալ Երևան: Ինքս, օրինակ, չափազանց նեղվում եմ այս շոգից: Ինձ ամեն բան գոհացնում է այս փառատոնում, բացի մի բանից. դուրս եմ գալիս հյուրանոցից ու հայտնվում խեղդող շոգի մեջ: Իսկ եթե մարդիկ գալիս են այս քաղաք, այս փառատոնին, ուրեմն այստեղ նրանք իրենց լավ են զգում, բավարարված: Լավ փառատոն է «Ոսկե ծիրանը»: Հետագայում ավելի լավը կդառնա: Միայն թե, Աստված մի արասցե, որ հանկարծ գտնվի այնպիսի հիմար, որը որոշի փակել այն: Ես միշտ ասում եմ, որ Հարությունին հենց կենդանության օրոք պետք է բրոնզե արձան կանգնեցնել Երևանում, որովհետև նրա «Ոսկե ծիրանը» անկախության շրջանի Հայաստանի ամենամեծ ձեռքբերումն է: Ես համարժեք ոչինչ չեմ գտնում:
-Ձեզ նման արվեստագետները կամուրջ են Հայաստանի և աշխարհի միջև: Ինչպիսի՞ կամուրջ է Հայաստանը դրսում ապրող հայ ստեղծագործողի և աշխարհի միջև՝ խանգարո՞ղ, նպաստո՞ղ, չեզո՞ք:
-Ես ոչ մի խնդիր չունեմ այդ առումով: Ես ուկրաինական ռեժիսոր եմ` հայկական ծագումով. սա է իմ բնորոշումը: Ես որևէ տեղում որևէ խնդիր չունեմ` մի պարզ պատճառով` իմ բնավորության: Այստեղ առավել կարևոր մեկ այլ հանգամանք կա. ես կարծում եմ, որ ցանկացած հայ, որ Հայաստանից դուրս է, պարտավոր է իրեն կրկնակի պատասխանատու զգալ: Ես այս կանոնին հետևում եմ, բայց ոչ բոլորն են այդպիսին: Կան հայեր, ովքեր բոլորովին իրենց լավ չեն պահում: Ես նրանց միշտ դիտողություն եմ անում, խրատում: Մենք արտագաղթող ազգ ենք: ՈՒ պետք է կրկնակի կարգապահ լինենք մեր հայրենիքի սահմաններից դուրս, որպեսզի չխայտառակենք մեր հայրենիքը:
-«Դրախտի թռչունների» հերոսները դադարում են թռչելուց, երբ հայտնվում են Փարիզում, կտրվում մայր հողից: Դուք ևս Ձեր «թռիչքները» կինոյում կատարել եք մայր հողից կտրված: Կարելի՞ է ենթադրել, թե այդ «թռիչքներն» առավել բարձր ու գեղեցիկ կլինեին, եթե թռիչքի հրապարակը գտնվեր Հայաստան աշխարհում:
-Եթե նկատի ունենանք առաջվա ժամանակները, այո՛: Անցյալ դարի 70-ականների սկզբներին ես պլաններ ունեի` կապված Հայաստանի հետ: Կային տարբեր սցենարներ, որոնք ուզում էի նկարել Հայաստանում: Երբ դիտեցի Կուստուրիցայի «Ընդհատակը», մտածեցի, որ հայ դերասաններն էլ իրենց հենց այդպես կպահեին: Բայց հիմա ժամանակներ են անցել, ես ոչ մի թելով կապված չեմ հայկական կոլորիտի հետ:
-Դուք կինոաշխարհում հայտնի մի քանի անուններ եք թվարկում ¥Բերգման, Ֆելլինի, Անտոնիոնի, Բերտոլուչի¤, որոնց ստեղծագործություններով դաստիարակվել եք: Ովքե՞ր են այսօրվա այն ռեժիսորները, որոնց անունները կթվարկեն մեկ-երկու տասնամյակ անց կինո արարող մարդիկ:
-Ես աճել-ձևավորվել եմ Ձեր թվարկած այդ ռեժիսորների ստեղծագործություններով: Այսօրվա երիտասարդների համար հեղինակություններ են Տարանտինոն, Կուստուրիցան, Ալմոդովարը, չինացի, հոնկոնգցի, թաիլանդցի որոշ ռեժիսորներ:
-Ինքներդ Ձեզ բնութագրում եք այսպես. «Եթե ես կոմպրոմիսի մարդ չլինեի, կարող է՝ իմ ֆիլմերն ավելի լավը լինեին: Իմ մեջ չկա ռեժիսորական այդ հատկությունը՝ ոտնատակ անել ամեն ինչ հանուն կինոնկարի հաջողության»: Այսուհանդերձ, Ձեր կինոնկարների հաջողությունն անքննելի է: ՈՒրեմն ինչի՞ հաշվին, ինչի՞ շնորհիվ եք հասել հաջողության:
-Այդ Դուք եք կարծում, թե ես մեծ հաջողության եմ հասել: Ես այլ կարծիքի եմ: Ես կարծում եմ, որ շատ ավելի տաղանդավոր եմ, քան իմ ֆիլմերը:
-Այո՞:
-Այո՛: Ես սեղանի շուրջ զրույցներում, բանավոր պատմություններ անելիս ավելի հետաքրքիր եմ: Իմ կարծիքով` կինոն արքայական գործ չէ, տղամարդու գործ չէ: Ես չեմ սիրում կինոն. դա իմ դժբախտությունն է: Այդ մասին երեկ Զանուսիի հետ էի խոսում: Ես այդ սնափառությունը չունեմ, թե տեսե՜ք-տեսեք, կինո եմ նկարում:
-Բայց նկարում եք ու զարմացնում հանդիսատեսին:
-Հա՜, բայց ի՛նձ չեմ զարմացնում: Ես տանել չեմ կարողանում նկարահանման պրոցեսը, ահավոր չեմ սիրում, երբ ձգձգվում են նկարահանումները, երբ արևն է խանգարում, անձրևն է խանգարում… Թատրոնում ավելի արդյունավետ կարելի է աշխատել:
-Վեց ֆիլմ եք նկարել Օլեգ Յանկովսկու մասնակցությամբ: Նրա կորուստն անփոխարինելի՞ է Ձեզ համար՝ իբրև ռեժիսորի:
-Այո՛: Նա հեռացել է կյանքից, և ես փոխարինող չեմ գտնում: Յանկովսկին իմ էգոն էր կինոյում: Դա ես եմ` էկրանին:
-Նկատի ունեք և՛ «Թռիչքներ երազում և արթմնի», և՛ «Դրախտի թռչուններ» ֆիլմերի՞ Օլեգ Յանկովսկուն:
-Այո՛:
-«Կաշտանկան» և «Համբույրը» նկարել եք ըստ Չեխովի ստեղծագործությունների, «Մենագայլը» («Բիրյուկը») և «Առաջին սերը»՝ ըստ Տուրգենևի: Սրանց կողքին «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմն է՝ ժամանակակից մարդու՝ 1980-ականների խորհրդային իրականության կրողի կերպարով: Որքանո՞վ են կաշկանդված ռեժիսորական մտահղացումները կինոյում դասական կերպար ստեղծելիս և որքանո՞վ են ազատ՝ իր ժամանակակիցներին ներկայացնելու դեպքում:
-Կինոն, ի տարբերություն թատրոնի, կարող է ստեղծվել ըստ մոտիվների: Ոչ թե տառացիորեն կրկնել գեղարվեստական ստեղծագործությունը, այլ նկարվել տվյալ ստեղծագործության մոտիվներով: Այս իմաստով ես ունեցել եմ իմ ազատությունը նաև դասական երկերի էկրանավորումներում: Առհասարակ կարծում եմ, որ իմ լավագույն ֆիլմը «Համբույրն» է, թեև բոլորը լավագույնն են համարում «Թռիչքները»: Ես հպարտանում եմ «Համբույրով»: Ինձ` որպես պրոֆեսիոնալի, դուր են գալիս նաև «Պահպանի՛ր ինձ, իմ թալիսման», «Առաջին սերը»:
-Դուք ասում եք, որ խորհրդային հասարակարգում Ձեզ նման մտածող մարդիկ դաստիարակվել էին վանդակում և ամեն գնով ձգտում էին դուրս պրծնել այդ վանդակից: Դրանով էլ պայմանավորված էր այդ տարիների ֆիլմերի ասելիքը, ազատագրվելու այդ ճիգն էր ստեղծագործության խթանը: Ո՞րն է հիմա այդ խթանը:
-Իմ սերունդը աճել է այդ մթնոլորտում: Մեր ունակությունները դրա վրա են ձևավորվել: Երբ եկավ ազատությունը, մենք թևաթափ եղանք: Էլ ինչի՞ մասին ֆիլմ նկարենք: Մի՞թե սիրո:
-Ի՞նչ է, սիրո մասին չի՞ կարելի ֆիլմ նկարել:
-Դե՜, ես ինտելիգենցիայի մասին էի նկարում: «Կաշտանկան», անգամ «Բիրյուկը» ինտելիգենցիայի մասին էր: «Բիրյուկը» մարդու մասին է, որ հասկանում-պահպանում է անտառը, բնությունը: «Համբույրը» 19-րդ դարի ինտելիգենցիայի, նրանց սովորույթների մասին է: «Թալիսմանը» բացառապես ինտելիգենցիայի մասին է: Գուցե թե «Մցենյան գավառի լեդի Մակբեթը» ֆիլմն է մի քիչ տարբեր այս իմաստով, բայց այն ես նկարել եմ պատվերով: Նախապես համաձայնել էի նկարել, բայց երբ կարդացի սցենարը, փորձեցի հրաժարվել: Սակայն ինձ թույլ չտվեցին հրաժարվել:
-Երկու տարի առաջ «Ոսկե ծիրանի» շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շատ ջերմ հիշողություններ էիք պատմում Ձեր մայրիկի մասին: Նա հանդես է եկել սիրողական օպերայում, և ճանաչողները նրա մասին ասել են. «Մարոն դերասանուհի է»: Ինչո՞ւ չեք նկարել Ձեր մայրիկին որևէ ֆիլմում, մանավանդ, որ նա մեծ խանդավառությամբ է արձագանքել Ձեր կինոգործունեությանը:
-Մայրս մահացել է 1981-ի հունվարին: Ես ավելի ուշ նկարեցի «Թռիչքները», որում կա մոր թեման: Կան մարդիկ, ովքեր ձգտում են իրենք երևալ իրենց ֆիլմերում, իրենց հարազատներին են նկարում: Ո՛չ ես, ո՛չ հարազատներս նման ձգտում չունենք: Իմ երեխաները շատ հեռու են կինոյից:
-Դա Ձեզ տարօրինակ չի՞ թվում. հանրահայտ ռեժիսորի երեխաներ են, ու չեն ցանկանում նկարահանվել կինոյում կամ նկարել սեփական կինոն:
-Չէ՜, չեմ կարծում, որ տարօրինակ է: Իմ երեխաներն այլ հետաքրքրություններ ունեն, ուրիշ դաշտի մեջ են: Բացի այդ, նրանք տեսել են, թե ինչ տաժանակիր աշխատանք է կինոն: Ես ամեն ինչ արել եմ, որ նրանց հեռու պահեմ կինոյից: Մինչև տասնութ տարեկանը նրանք պարզապես չեն հայտնվել նկարահանման հրապարակում: Ես նրանց հեռու եմ պահում փորձություններից:
-«Դրախտի թռչուններ» ֆիլմում Յանկովսկու հերոսն ասում է. «Դուք լեգենդներին չե՞ք հավատում: Այդպես ապրելը տխուր է»: Ինչպիսի՞ լեգենդի եք հավատում Դուք ինքներդ:
-Վա՜յ, Տե՛ր Աստված: Ինչ լեգենդի եմ ես հավատո՞ւմ: Ես հավատում եմ, որ միշտ կլինի վաղվա օրը: Եթե դու կարողանում ես օգտագործել առավոտը, եթե կարողանում ես առավոտյան ջնջել այն ամենը, ինչ եղել է երեկ, մոռանալ գիշերային տագնապները, ուրեմն լավ է: Փա՜ռք Աստծո, ես երբեք չեմ հիշում երազներս: ՈՒ համարում եմ դա իմ մեծագույն արժանիքը: Առավոտյան արթնանում եմ, թվում է` ուր որ է հիշելու եմ, թե ինչ երազ եմ տեսել, ու ամեն բան ջնջվում է: ՈՒրեմն պետք չէ հիշել, դա ինձ կխանգարի: Ես հավատացյալ մարդ եմ, հավատում եմ Աստծուն, բայց չեմ հավատում Քրիստոսի հարությանը: Ես հավանում եմ Քրիստոսի ամբողջ պատմությունը, սիրում նրա կերպարն ամբողջությամբ, բայց չեմ հավատում հարությանը: Իբրև հրաշքի` ես նրան հավատում եմ, բայց ոչ այնքան, որ հավատամ նաև հարությանը: Այդ հարության պահն ինձ խանգարում է:
-«Դրախտի թռչունների» հերոսը՝ Նիկիտան, հարց է տալիս ընկերոջը. «Իսկ դու վստա՞հ ես, որ մենք կարող ենք ապրել ազատության մեջ»: Ըստ Ձեզ` այն բանից հետո, երբ մենք ստացել ենք ազատություն, չե՞նք ապրում:
-Առայժմ` ո՛չ: Առայժմ մենք ոտնահարում ենք ուրիշի ազատությունը: Իսկ ազատությունը ուրիշի ազատության ոտնահարումը չէ: Ի՞նչ է կատարվում այդ ազատությունը ձեռք բերելուց հետո: Ամեն տեղ պատերազմ է, բոլորն իրար սպանում են, վնասում: Ինտերնետից է հորդում համաշխարհային ինֆորմացիան, որն այնքան էլ լավ չի ազդում մարդկանց վրա: Ազատությունից հետո ընդամենը ի հայտ եկան սուպերմարկետները, որոնցում կարող ես գտնել ամեն բան, եթե փող ունես: Հիմա մենք երկու բանի դեֆիցիտ ունենք` փողի և խղճի:
-Դուք համագործակցել եք Ռուստամ Իբրահիմբեկովի հետ: Ձեր մասին հրաշալի գիրք է գրել Զարա Աբդուլաևան: Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերություններն այսօր ադրբեջանցի այդ մտավորականների հետ:
-Հրաշալի հարաբերություններ են: Նրանք շատ խելացի մարդիկ են: Մենք երբեք իրար հետ քաղաքականությունից չենք խոսում: Մարդիկ ինձ ասում են. «Ռոմա՛ ջան, գիտե՞ս, որ Ռուստամն ասել է, թե Ղարաբաղը, մեկ է, Ադրբեջանի մեջ է լինելու»: Ես չեմ հասկանում, բա ի՞նչ պիտի ասի, պիտի ասի, թե Հայաստանի մե՞ջ է լինելու: Ես կարո՞ղ եմ ասել, թե Ղարաբաղը պիտի լինի Ադրբեջանի մեջ: Իհարկե, ո՛չ: Նա իր տեսակետն ունի, ես` իմ: Նա ադրբեջանցի է, ես` հայ: Կոտրել մեր տեսակետներն անհնար է: Այո՛, ես կարծում եմ, որ Ղարաբաղի համար ճիշտը Հայաստանի կազմում լինելն է, որովհետև Ադրբեջանի կազմում նրան լավ ապագա չի սպասում: Ռուստամն այդպես չի կարծում: Բայց մենք իրար հետ երբեք այդ մասին չենք խոսում: Այդ մարդիկ ինտելիգենտներ են, բարեկիրթ մարդիկ և վաղուց արդեն ընդամենը ադրբեջանցի չեն: ՈՒ գիտե՞ք ինչն է ծիծաղելի, որ Ադրբեջանի նախագահը Ռուստամ Իբրահիմբեկովի մասին ասում է. «Ի դեպ, նա սիրում է հայերին: Նրա ընկեր Ռոման Բալայանը դաշնակցական կուսակցության անդամ է»: Պատկերացնո՞ւմ եք, ի՜նչ անհեթեթություն. ես դաշնակցության անդամ եմ:
-Կա՞ ինչ-որ բան, որի մասին կցանկանայիք խոսել:
-Ես երազում եմ, որ վերականգնվեն դպրոցական օլիմպիադաները: Ես հավատում եմ հայ երեխաներին: ՈՒզում եմ, որ նրանք սովորեն աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում, բայց պայմանով, որ վերադառնան ու ծառայեն Հայաստանին: Եվ մեր հարևանները, որ այնքան էլ մեզ չեն սիրում, շահագրգռված լինեն Հայաստանի հետ համագործակցելու հարցում: Կստացվի՞ դա, թե՞ ոչ, չգիտեմ: Բայց ես ասում եմ այդ մասին:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ